ՀԻՄՆԱԴՐԻ ԿՈՂՄԻՑ
Գտնելով, որ անհրաժեշտ է սթափեցնող ինչ որ բան անել, ես` Վարդան Հովհաննեսի Վարդանյանս, հիմնեցի «Դոն Կիխոտ Մարդասիրական» հիմնադրամը:
Ինչու՞ «Դոն Կիխոտ Մարդասիրական» հիմնադրամ և ոչ թե Սասունցի Դավիթ կամ Չինգիզ Խան, Կեսար, Նապոլեոն, Մակեդոնացի, Նավապետ Նեմո:
Դոն Կիխոտի լուսավոր կերպարը շահեկանորեն առանձնանում է համաշխարհային մյուս մեծություններից: Առանց բացառության` վայելում է բոլոր ժողովուրդների սերն ու համակրանքը. հանուն թույլին, ճնշվախին օգնելու, նրան սատար կանգնելու, նույնիսկ հողմաղացների դեմ կռվելու պատրաստ, անսահաման բարությամբ օժտված այս ազնվաբարո հիդալգոն պատկանում է բոլորին` չունենալով ոչ մի հակառակորդ, և մեծարելով նրան` մենք ընդգծում ենք համայն մարդկության մի լուսավոր աստղ, որի արձակած ջերմությունն ուղիղ ճառագայթով, առանց խաչմերուկների, մեկնությունների և միջնորդների, հասնում է մարդկանց սրտերին, անկախ տարիքից, Դավանանքից, սեռից կամ ազգային պատկանելությունից:
Առաջարկում ենք հանճարի գերեզմանը դարձնել սրբավայր:
Մարդի՜կ, մի՜ վախեցեք մի քիչ Դոն Կիխոտ լինելուց:
Եվ եթե պայքարել, կռվել, ապա միայն հանուն սիրո, հանուն սիրած էակին հասնելու, և նրան երջանկացնելու համար:
Հիմնադրամի նպատակն է`
Երևանում ստեղծել հիմնադրամի մշտապես գործող գրասենյակ,
Սահմանել «Տարվա Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակ և իրականացնել մրցանակաբաշխություն,
Հետապնդել աշխարհի խոշոր քաղաքներում «Դոն Կիխոտ»-ի արձանը կառուցելու հեռահար նպատակ,
Հովանավորել և ֆինանսավորել ազնվաբարո նպատակներ հետապնդող ծրագրերը և իրականացնել նպատակաուղղված քարոզչական աշխատանքներ:
Հիմնադրամին միջազգային ճանաչում տալու նպատակով և ի պատիվ «Դոն Կիխոտ»-ի հիասքանչ կերպարը կերտողի` հիմնադրամը նախաձեռնում է ուխտագնացություն Մեծն Սերվանտեսի գերեզմանին` նվիրելով այն «Դոն Կիխոտ»-ի առաջին հրատարակության 400 ամյակին:
Ուխտագնացությունը նախատեսվում է իրականացնել միջնադարի ասպետական հանդեձանքով. Դոն Կիխոտը` ձի, իսկ Սանչո Պանսան էշին հեծած: Այն կանցնի եվրոպական բոլոր պետությունների մայրաքաղաքներով և կտևի մոտ 8-9 ամիս:
Ծրագիրն ուղղված է լինելու հատկապես միջին տարիքի մարդկանց և երիտասարդությանը, որոնք, կամա թե ակամա, հայտնված լինելով հասարակական, քաղաքական, տնտեսական անսանձ մրցակցության հորձանուտում, ժամանակ չեն գտնում անդրադառնալու հոգևոր արժեքներին: Կարծում եմ, որ հանճարեղ Սերվանտեսը ապրել ու երազել է նաև մեզ համար, ուստի ուզում եմ, որ մենք էլ այսօր ապրենք ու երազենք նաև նրա համար:
Մեծագույն հարգանքներով և հավատով ակնկալում եմ Ձեր բարոյական և նյութական աջակցությունը մեր նպատակների իրականացման գործում: