ԶԼՄ արձագանքներ
Մեծն Սերվանտեսը ապրել ու երազել է նաև մեզ համար
Նախատեսված է ուխտագնացություն հանճարեղ գրողի հայրենիք
Պատկերացնու՞մ եք, Դոն Կիխոտ, Սանչո Պանսա՝ մեր օրերում։ Ազնիվ հիդալգոն իր հավատարիմ նիզակակրի հետ շրջում է եվրոպական երկրներով, լինում մեծ քաղաքներում, բոլոր մայրաքաղաքներում, կտրելով ավելի քան 30 հազար կիլոմետր ճանապարհ՝ զարմանահրաշ շրջագայությունն ավարտում է գրողի հայրենիքում, Սերվանտեսի գերեզմանի մոտ։Ռոմանտիկ այդ ուխտագնացության առաջին քայլը նախատեսվում է, որ կարվի ապրիլին՝ Հայոց մայրաքաղաք Երեւանից։
Սերվանտեսի գերեզմանին թատերականացված ուխտագնացության նախաձեռնողները մեր հայրենակիցներն են՝ եղբայրներ Վարդան եւ Գրիգոր Վարդանյանները։ Երկուսն էլ երկրաբաններ են։ Կրտսերը՝ Վարդանը, երկար տարիներ աշխատել է Փամբակի արշավախմբում, ապրում է Վանաձորին մերձակա Գուգարք գյուղում, այժմ չի աշխատում։ Գրիգորը բնակվում է Երեւանում, հրաբխագիտության եւ ջերմային անոմալիաների մասնագետ է, զբաղվում է նաեւ հնագիտական պեղումներով։ Նրանք նպատակ են դրել անմահ հերոսների կերպարանքով, միջնադարյան ասպետական հանդերձանքով, նորօրյա «Ռոսինանտին» եւ ավանակին հեծած՝ ապրիլից սկսած շրջել եվրոպական բոլոր երկրներում, հասնել Իսպանիա, ծունր դնել հումանիստ գրողի գերեզմանին։ Ուխտագնացության գաղափարը սերտորեն առնչվում է աշխարհում երբեւէ գրված ամենաընթերցվող գրքերից մեկի՝ «Դոն Կիխոտի» առաջին հրատարակության 400—ամյակին։ Ենթադրվում է, որ ուխտագնացությունը կտեւի 9—10 ամիս։ Երեւանում արդեն բացված է «Դոն Կիխոտ մարդասիրական» հիմնադրամի մշտապես գործող գրասենյակը։ Հիմնադրամը սահմանել է «Տարվա Դոն Կիխոտ» մրցանակ, նախատեսվում է անցկացնել ամենամյա մրցանակաբաշխություն։ Իսկ ինչու՞ «Դոն Կիխոտ մարդասիրական» հիմնադրամ եւ ոչ թե, ասենք՝ «Սասունցի Դավիթ», «Ալեքսանդր Մակեդոնացի» կամ՝ «Հուլիոս Կեսար»։ Վարդան Վարդանյանը մեկնաբանում է. «Դոն Կիխոտի լուսավոր կերպարը շահեկանորեն առանձնանում է համաշխարհային հայտնի մյուս կերպարներից։ Առանց բացառության՝ վայելում է բոլոր ժողովուրդների սերն ու համակրանքը. հանուն թույլին, ճնշվածին օգնելու, սատար կանգնելու, նույնիսկ հողմաղացների դեմ կռվելու պատրաստ, անսահման բարությամբ օժտված այդ ազնվաբարո հիդալգոն պատկանում է բոլորին՝ չունենալով եւ ոչ մի հակառակորդ։ Մեծարելով նրան, մենք ընդգծում ենք համայն մարդկության մի լուսավոր աստղ, որի արձակած ջերմությունն ուղիղ ճառագայթով, առանց խաչմերուկների, մեկնությունների եւ միջնորդների, հասնում է մարդկանց սրտերին՝ անկախ տարիքից, սեռից կամ ազգային պատկանելությունից։ Սերվանտեսը ապրել երազել է նաեւ մեզ համար, ուստի ուզում ենք, որ մենք էլ այսօր ապրենք ու երազենք նաեւ Նրա համար, Նրա պես»։
Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն երազող եղբայրներն ուխտագնացությունից, այս դժվարին օրերում հնարավո՞ր է իրագործել նման «խենթ» նախաձեռնություն։ Նախ, համոզված են, որ հնարավոր է, իրագործելու են։ Համոզված են, որ ծրագրով «պատերազմ են հայտարարելու պատերազմին», աշխարհին ասելու են, որ շրջափակումն անմարդկային երեւույթ է, որ «հայերը երբեք չեն մոռանում հոգեւոր արժեքները եւ մեծարում են ոչ միայն իրենց մեծերին, Դոն Կիխոտը, Սերվանտեսը բոլորինն են, մեծարելով նրանց՝ մենք ոչ մեկի մեր դեմ չենք հանում, շահում ենք աշխարհի մարդկության համակրանքը»։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
15-01-2011
Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունեն երազող եղբայրներն ուխտագնացությունից, այս դժվարին օրերում հնարավո՞ր է իրագործել նման «խենթ» նախաձեռնություն։ Նախ, համոզված են, որ հնարավոր է, իրագործելու են։ Համոզված են, որ ծրագրով «պատերազմ են հայտարարելու պատերազմին», աշխարհին ասելու են, որ շրջափակումն անմարդկային երեւույթ է, որ «հայերը երբեք չեն մոռանում հոգեւոր արժեքները եւ մեծարում են ոչ միայն իրենց մեծերին, Դոն Կիխոտը, Սերվանտեսը բոլորինն են, մեծարելով նրանց՝ մենք ոչ մեկի մեր դեմ չենք հանում, շահում ենք աշխարհի մարդկության համակրանքը»։
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
15-01-2011