ԶԼՄ արձագանքներ
«ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»
ԴոնԿիխոտն արդեն ճանապարհին է
Ժամանակակից աշխարհում, երբ թվում է, թե ամեն ինչ չափազանց նյութականացված է, գթասրտությունն, անկեղծությունն, արդարությունն ու հոգեւոր այլ արժեքները շատերի մոտ ընդամենը քմծիծաղ են առաջացնում, իսկ նման կերպ մտածողները միամիտի պիտակավորումն են ստանում, վանաձորցի Վարդան Վարդանյանը փորձում է հակառակն ապացուցել:
Նա յուրատեսակ նախաձեռնությամբ մարդկանց կոչ է անում մի պահ մոռանալ անձնական հոգսերի ու խնդիրների մասին եւ միանալ՝ դեպի Սերվանտեսի գերեզման ավանակով ու ձիերով իր կազմակերպած ուխտագնացությանը: «Դոնկիխոտյան» մերօրյա հերոսն իր մանկական երազանքն իրագործելու համար հիմնադրել է «Դոն Կիխոտ» մարդասիրական հիմնադրամը, որը նպատակ ունի հովանավորների միջոցով ազնվաբարո նպատակներ հետապնդող ծրագրեր իրականացնել, անցկացնել «Դոն Կիխոտ» ամենամյա մրցանակաբաշխություն: Սերվանտեսի մերօրյա հերոսներին՝ Սանչո Պանսային ու Դոն Կիխոտին մարմնավորելու են մասնագիտությամբ երկրաբաններ Վարդան Վարդանյանը եւ նրա ավագ եղբայրը՝ Գրիգոր Վարդանյանը: Վերջինս, ըստ Վ. Վարդանյանի, նույնիսկ արտաքնապես է նման իսպանացի ազնվաբարո հիդալգոյին: «Ուխտագնացության հիմնական նպատակը մարդկանց՝ ոչ միայն հայերի, բարոյահոգեբանական հոգեվիճակի վրա ազդելն է, որպեսզի հիշեցնենք, որ Դոն Կիխոտը բոլոր ժամանակների ամենալուսավոր կերպարն է»,- «Առավոտի» հետ զրույցում նշեց մերօրյա Սանչո Պանսան ու տեղեկացրեց, որ մինչ Սերվանտեսի գերեզման ուխտագնացությունը, նախորդ ամիս Վանաձորի Գուգարք համայնքից մինչեւ Վանաձոր քաղաք փոքրիկ երթ է անցկացրել:
Հետաքրքրվեցինք, թե ինչպես էին բնակիչները վերաբերվում սերվանտեսյան մերօրյա հերոսներին: Վ. Վարդանյանը պատասխանեց. «Նույնը, ոնց որ Դոն Կիխոտի ժամանակ, մեկը նայում-ասում էր՝ գործ կունենաս, մյուսը քար էր գցում, մեկ ուրիշն էլ՝ մեծարում»: Այս քայլը, ըստ նրա, արդեն իր բարի պտուղները տվել է, շատ մարդիկ ներկայացումից հետո մոտեցել են նրան ու վեպը կարդալու ցանկություն հայտնել:
Մեր զրուցակիցը ուրախությամբ հայտնեց, որ Սերվանտեսի կայքն ուսումնասիրելիս հայտնաբերել է՝ դեռեւս 2002 թվականին Նոբելյան մրցանակաբաշխության կազմկոմիտեն աշխարհի 54 երկրներից հրավիրել է 100 ամենաճանաչված գրողներին, մասնագետներին, ովքեր «Դոն Կիխոտը» միաձայն ճանաչել են բոլոր ժամանակների եւ ժողովուրդների գրքերի գիրք: Վ. Վարդանյանի համոզմամբ՝ Երեւանից մինչեւ Մադրիդ ավանակով, ձիով եւ ասպետական հանդերձանքով իրենց ուխտագնացությունը տեւելու է 8-9 ամիս, անցնելու են շուրջ 30 հազար կմ տարածություն՝ Եվրոպայի բոլոր մեծ պետություններով: Նա նախատեսում է ճամփորդությունը սկսել ապրիլին, բայց ամեն ինչ կախված է միջոցներից: Վ. Վարդանյանը ցանկանում է, որ հիմնադրամի մասնակիցների թիվը մեծ լինի եւ դիմում է մարդկանց, որպեսզի թեկուզ փոքր գումարով իրեն օգնեն, ինչպես դպրոցի ուսուցիչներն են անում՝ ամսական 200 դրամ տրամադրելով հիմնադրամին: Նա նաեւ պլանավորել է՝ հայկական կոնյակով բաժակներ եւ հիմնադրամի բոլոր աջակիցների անուններով հրովարտակ զետեղել շիրիմի հարեւանությամբ տեղակայված Դոն Կիխոտի եւ Սանչո Պանսայի արձանի մոտ: Ինչ վերաբերում է ուխտագնացության նախապատրաստական աշխատանքներին, Վ. Վարդանյանն ասաց, որ աջակցության համար արդեն դիմել է տարբեր գերատեսչությունների, ֆինանսական որեւէ օգնություն դեռ չկա, բայց խոստացել են աջակցել. «Առաջին ռեակցիան ոգեւորիչ է լինում, հետո, երբ խորանում են, ասում են՝ դժվար բան ես մտածել: Բայց անհաղթահարելի օբյեկտիվ դժվարություն չկա, միայն պետք է դիմանանք այդ մեկ տարվա ճամփորդությանը»: Նա հավելեց նաեւ, որ բացի ցանկությունից, ուխտագնացությունը լուրջ նպատակ է հետապնդում. «Դոն Կիխոտը օգնում էր բոլորին, տարբերություն չէր դնում՝ հարուստ է, թե աղքատ: Նա հողմաղացների դեմ էր կռվում, հիմա կարող է նիզակով սահմաններ բացել: Աշխարհում մարդկանց երեւի 80%-ը Հայաստանի տեղը քարտեզի վրա չի կարող ցույց տալ, այս ուխտագնացությամբ եւ մրցանակաբաշխությամբ աշխարհը կճանաչի մեր ազգին: Վերջապես մեր հարեւանների նավթը կվերջանա, նրանք կաղքատանան, իսկ մենք աշխարհին կասենք, որ մեր հարստությունը ավելի մեծ է՝ հոգեւորն է»: